Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

0
84

Տավուշի մարզի Բերդ համայնքի շուրջ 32,000 բնակիչ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայություններից այսուհետ կօգտվի մեկ պատուհանի սկզբունքով՝ Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոնում: ՄՍԾ Բերդի տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։

Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Վերջիններս վստահություն են հայտնել, որ տարածքային նոր կենտրոնը ապահովի բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատում, կնպաստի տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհաին բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 93,5 մլն դրամ, հնարավորություն կտա ապահովել կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Հիշեցնենք, որ այս պահին գործում են ՄՍԾ 33 տարածքային կենտրոններ, 12-ի շին-վերանորոգման աշխատանքներն ընթացքում են, իսկ 4-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են: