Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման եռամսյա դասընթացը։ Այսօր ամփոփվել են դասընթացի արդյունքները․ այն հաջողությամբ ավարտած 79 մասնակցի հանձնվել են ավարտական վկայականներ։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը։
Իր ելույթում ընդգծելով սոցիալական աշխատողի գործունեության կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ այն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և նշել, որ նախարարությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ վերջիններիս մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։
«Միասնական սոցիալական ծառայության զարգացման ընթացքում մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի լիարժեք կայացում, որի հաջողության երաշխիքներից մեկը՝ համակարգում պատրաստված, բանիմաց և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ ունենալն է։ Վստահ եմ, որ այս և նմանատիպ վերապատրաստման դասընթացների արդյունքում ձեռքբերած նոր գիտելիքը էապես կնպաստի սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի լիարժեք իրականացմանը»,- նշել է նախարարը։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորել է սոցիալական աշխատողների դերը՝ խոցելի խմբերին պատկանող ընտանիքներին և երեխաներին աջակցություն տրամադրելու գործում։ Վայգանդի խոսքով՝ բացի վերոնշյալ դասընթացից, նախարարության հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներածական դասընթացներ են կազմակերպվել շուրջ 1000 աշխատակցի համար, որի ավարտից հետո առավել խորացված ուսուցման գործընթաց կիրականացվի Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Մյուս բանախոսները ևս, շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, վստահություն են հայտնել, որ ուսուցման գործընթացի շրջանակում ստացած գիտելիքն ու հմտությունները կշարունակեն ծառայել ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և էական փոփոխություններ կարձանագրեն սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում։