Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը

0
138

Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և  հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետևյալ նպատակներն իրականացնելու համար՝

  • սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդայնում,
  • հրատապ արձագանքին պատրաստ և առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների հնարավորություն,
  • սոցիալական աջակցության հասցեականության և արդյունավետության բարձրացում,
  • սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և տրամադրող անձնակազմի մասնագիտական կարողությունների նշաձողերի սահմանում,
  • սոցիալական աջակցության ոլորտում մինչ օրս արձանագրված այլ խնդիրների լուծում։

Այս նպատակներով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում՝

  • հստակեցվել է օրենքի առարկան․ մի շարք հիմնարար հասկացություններ վերասահմանվել են միջազգային ընդունված տերմինաբանությանը համահունչ,
  • վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները,
  • սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր հիմնական տեսակներ (ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ և այլն), ինչպես նաև գործող տեսակներն ընդլայնվել են (բնաիրային և կենցաղային օգնություն, կացարանով ապահովում, սոցիալ-վերականգնողական օգնություն և այլն),
  • սոցիալական աջակցության ծառայությունների համար որպես նոր մեխանիզմ սահմանվել է աջակցության քարտի տրամադրման հնարավորությունը,
  • սահմանվել են սոցիալական աջակցության ոլորտի առանձին ծառայությունների որակի չափորոշիչներ սահմանելու, դրանց մոնիթորինգի, գնահատման և վերահսկման լիազորությունները,
  • բարելավվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման կառավարման համակարգը,
  • սահմանվել են սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, վերանայվել են նրանց իրավունքները և պարտականությունները, սահմանվել է մասնագիտական կանոնագրքի մշակման պահանջ, ինչպես նաև մասնագիտական նշաձողի պահանջ՝ հավաստագրման միջոցով։

Նախագծերի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3PE9ptV

Ձեր դիտարկումներն ու առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը:

Ակնկալում ենք հատկապես մասնագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունն ու փորձագիտական ներգրավվածությունը փաթեթի հնարավոր լրամշակման գործում: Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ և հանրային քննարկումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Նախագծերը մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։