Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց

0
139

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։

Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։

Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց,  621՝ հաշմանդամություն ունեցող անձ։ 

Մատուցվող ծառայությունները ներառում են՝

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:  

Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում  եզրակացություն՝  խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։

2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

  • Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
  • Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Գեղարքունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Լոռու մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ , «Հայկական Կարիտաս» ԲՀԿ,
  • Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Շիրակի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ։