«Սոցիալական աջակցության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ միջգերատեսչական քննարկում իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել էր կլոր–սեղան հանդիպում։ Քննարկմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զ․ Մաթևոսյանը, սոցիալական հարցերի վարչության պետ Ա․ Խաչատրյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ․ Տիգրանյանն ու հանձնաժողովի անդամ Մ․ Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լ․ Հովհաննիսյանը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծերում կատարված հիմնարար փոփոխություններն ու նորամուծությունները, որոնք ուղղված են սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների քաղաքականությանը։ Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է․ «Համավարակի և 2020թ․ պատերազմի ժամանակահատվածում պետությունը նախաձեռնեց սոցիալական աջակցության տարբեր միջոցառումներ, որոնց մշակման և իրականացման ընթացքում պարզ դարձան սոցիալական աջակցության ոլորտի բացերը և այն առավել ճկուն, արագ արձագանքող ու դիմակայուն դարձնելու անհրաժեշտությունը»։
Բացի նշվածից, մշակված նախագծերն ուղղված են նաև սոցիալական աջակցության ոլորտի կառավարման արդյունավետության և ծառայությունների հասցեականության բարձրացման, սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների և դրանք տրամադրող դերակատարների ընդլայնման ծառայությունների, որակի ստանդարտների ներդրման և վերահսկողության, քաղաքականությունների մշտադիտարկման համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման նպատակներով իրավական հիմքերի ամրագրմանը։ Այն թույլ կտա, հետագայում մշակվող 40–ից ավել ենթաօրենսդրական ակտերի միջոցով, իրագործել վերոնշյալ նպատակները։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ոլորտային դերակատարների լիազորությունների վերանայմանը, սոցիալական աշխատողի մասնագիտական պահանջներին, անձնական տվյալների մշակմանն առնչվող կարգավորումներին։ Որոշվել է առանձին հարցերի շուրջ շարունակել առավել խորացված երկխոսություն։
Քննարկումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։ Աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ուժեղացում» ծրագրի միջոցով: