Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» աշխատաժողովին։
Եռօրյա քննարկումների շրջանակում լրագրողներին ներկայացվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, կանանց ու երեխաների հիմնախնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկությունները։
Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին՝ Տաթևիկ Ստեփանյանը խոսել է երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների մասին։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է վերջիններիս տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը․
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների հետ առնչվում է ողջ կենսացիկլի ընթացքում, ուստի ռազմավարությամբ սահմանված մեր նպատակն է ստեղծել երեխայի իրավունքի իրացման համար նպաստավոր ու հավասար պայմաններ, խրախուսել արժանապատիվ աշխատանքն ու ունենալ կենսունակ տարեցներ»։
Աշխատաժողովի մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին, անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի և անձնական օգնականի ծառայության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուղղված են ոչ միայն լիարժեք գնահատելու անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանիորեն վերլուծելու վերջինիս գործունեության սահմանափակումներն՝ ապահովելով սոցիալական ներառման ու թիրախային կարիքների սպասարկմանն ուղղված ծառայություններ:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների, վերջիններիս իրավունքների պաշտպանության գործընթացում պետության, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ոլորտային բարեփոխումների, մասնավորապես՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ։
Աշխատաժողովն իրականացվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի կողմից՝ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության և Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։