Խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին

0
115

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով Երևանում ու մարզերում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։   

Անհրաժեշտության դեպքում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք կարող են դիմել ներքոնշյալ ծառայություններից օգտվելու համար՝

  • ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց,
  • տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց,
  • խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին,
  • սոցիալ-հոգեբանական (վերականգնողական) աջակցություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց։

Տարեցներին և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ցերեկային խնամքի ծառայությունները ներառում են՝

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:

Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-հոգեբանական (վերականգնողական) աջակցությունը նպատակ ունի ապահովել հաշմանդամություն, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքում ու ընտանիքում ապրելու իրավունքը, ձևավորել ու զարգացնել շահառուների ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման հմտությունները: Դրանք ուղղված են նաև շահառուների անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանը, համայնքային կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը: