Ինչպես արդեն տեղեկացրել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված «Առաջնային կարիքի հաշվառման հարթակում» շարունակվում են հավաքագրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հրատապ կարիքների մասին հայտերը, որոնք ինքնաշխատ եղանակով փոխանցվում են մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին՝ դրանք բավարարելու նպատակով։
Այս գործընթացում իր ներդրումն ունի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, առաջին օգնության պայուսակների տեսքով:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ աջակցություն է տրամադրվել 3119 քաղաքացու։
ՀԿԽԸ-ն շարունակում է համալրել նաև Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Առաջնային կարիքի հաշվառման հարթակ»:
ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար ՀԿԽԸ մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։
Նշված արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: