«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք․ տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է հաստատություն։
Վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Ներկաները վստահություն են հայտնել, որ շենքային նոր պայմանները հնարավորություն կտան բարելավվել շահառուների կենսապայմանները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։
Տուն–ինտերնատի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատկացվել է ավելի քան 97․7 մլն դրամ․ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ նոյեմբեր ամսվա կեսը։Տուն-ինտերնատի շենքը վերանորոգվել է ի հիշատակ Տեր և Տիկին Հարություն և Սիլվա Եսայեանների:
Տորոնտոյից Եսայեան ընտանիքի ֆինանսավորմամբ Հիմնադրամը վերանորոգել է առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը, լվացքատունը, փոխարինել լվացքատան տանիքի ծածկույթը:
Բարերար Եսայեան ընտանիքի ներկայացուցիչներ Ժիրայր և Հուրի Ազնավուրեանների խոսքով՝ տուն–ինտերնատի վերանորոգմամբ իրականացվել է Եսայեանների վաղեմի ցանկությունը: Հիշեցնենք, որ 2011թ. Հիմնադրամն իրականացրել է նաև տուն–ինտերնատի առաջին մասնաշենքի երրորդ և չորրորդ հարկերի վերանորոգումը: