Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային

0
84

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող միջոցառումների ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների ներդրումը՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով առաջացած սոցիալական խնդիրների հաղթահարմանն ու ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին աջակցության տրամադրմանն ուղղված աշխատանքներին։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ ծրագրերի իրականացումն՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքի դերը։ Լիլա Պիտերս Յահիան նշել է, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր կատարած այցի ընթացքում հանդիպել են ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հետ և տեղեկացել նրանց խնդիրների մասին։

Անդրադառնալով ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմանը, անապահովության գնահատման համակարգի վերանայմանը, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները և այս համատեքստում կարևորել միջազգային փորձի ուսումնասիրումն ու Հայաստանում դրա կիրառման հնարավորությունը։ Նախարարն ընդգծել է նաև կանանց զորեղացման ծրագրերի, ոլորտային, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրության ռազմավարությունների մշակման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ համագործակցության ընդլայնման նպատակով։