Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ստարտափների ներկայացուցիչների հետ

0
86

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանում բարձր տեխնոլոգիաների Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ստարտափների ներկայացուցիչների հետ:

«Երևանի Առաջնորդության դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկման շրջանակում՝ աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող հայկական ստարտափների ներկայացուցիչներն իրանցի գործընկերներին ներկայացրել են իրենց պատմությունը, արտադրանքը, ոլորտում ունեցած հաջողություններն, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։

Նարեկ Մկրտչյանը, ողջունելով նմանօրինակ հանդիպումների իրականացումը, նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Նախարարությունն, իր լիազորությունների շրջանակում, պատրաստակամ է աջակցել բոլոր այն գաղափարներին և ծրագրերին, որոնք դրական ազդեցություն կունենան ոլորտի զարգացմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է աջակցող միջոցների ստեղծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության նոր դռներ բացելու և անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար»։  

Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը ներկայացնող դասախոսներն ու ստարտափերի ղեկավարները նշել են, որ ՏՏ ոլորտը ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ավելի քան 100 ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ուսումնասիրություններ, հետազոտություններ, դասընթացներ։ Վերջիններիս խոսքով՝ իրենք լիահույս են, որ Հայաստանում այսօրինակ քննարկումները հնարավորություն կստեղծեն հայկական ստարտափերի ներկայացուցիչների հետ համատեղ զարգացնել տարբեր գաղափարներ ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։