Միջազգային համաժողովում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերը

0
86

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի շրջանում և դրանից հետո» թեմայով միջազգային համաժողովին։

Եռօրյա քննարկումների ընթացքում 9 երկրից ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև մի շարք երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ կխոսեն հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հնարավորությունների, առկա խնդիրների և դրանց լուծումների, աջակցող միջոցների կիրառման և զարգացման ուղիների մասին։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն ակտիվորեն մասնակցում են հաշմանդամության հիմնահարցերին վերաբերող գործընթացներին։ «Պետությունը մեծ ջանքեր է գործադրում նաև ներդնելու հաշմանդամության սահմանման նոր մոդելը, որը հնարավորություն կտա նրանց համար ապահովել հավասար հնարավորություններ՝ ինքնադրսևորվելու և իրացնելու իրենց իրավունքները։ Բոլոր ծրագրերն ու ծառայությունները իրականացվում են՝ հիմքում ունենալով «Երբեք ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքը»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։

Այնուհետև, աշխատաժողովի մասնակիցներին նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը ներկայացրել է պետության կողմից մշակվող քաղաքականությունն ու տեսլականը, Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրությունը։ Օրենսդրական և ռազմավարական հիմքերի, միջազգային հանձնառություններին զուգահեռ խոսել է նաև պետության կողմից տրամադրվող ծառայությունների և աջակցությունների, մասնավորապես սոցիալ-վերականգնողական, խնամքի կազմակերպման, աջակցող միջոցների, կրթական և առողջապահական համակարգերի արտոնությունների մասին՝ շեշտելով անկախ կյանքի և հասարակություն ինտեգրման կարևորությունը։

Անդրադարձել է նաև հաշմանդամության սահմանման ներկայիս և գործարկման փուլում գտնվող անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի առանձնահատկություններին, ինչպես նաև ծանոթացրել է խելամիտ հարմարեցումների ապահովման, անձնական օգնականի ծառայությունների տրամադրման կարգերին, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ․ համալիր ծրագրին։

Հանդիպման մասնակիցներն ևս ներկայացրել են իրենց երկրների հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերն ու մատուցվող ծառայությունները։ Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։

Եռօրյա համաժողովը կազմակերպվել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի (UN DESA) աջակցությամբ։