Գյումրի կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզպետարանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները։ Զրույցի առանցքում եղել են նաև սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում որպես արդյունավետ համագործակցության օրինակ առանձնացվել է Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ կանանց հզորացման, «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրերը։
Նախարարն ու մարզպետը կարևորել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության ապահովումը՝ Միասնական սոցիալական ծառայության ակտիվ ներգրավմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքներն ու նախատեսվող ծրագրերն, անդրադարձ է կատարվել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» կատարված աշխատանքին։