Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ու ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

0
66

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախարարությունում ընդունել է Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովին ու ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության, աշխատանքային միգրացիայի, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

Ղազախական կողմին հետաքրքրել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, դրանց թվում՝ կենսաթոշակի և նպաստի դեպքում 10% հետվճարի, «Աշխատանք՝ առանց սահմանների» միասնական որոնողական համակարգի, շահառուների կարիքի թիրախային գնահատման գործընթացում արհեստական բանականության կիրառման և այլ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման հնարավորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ անցկացնել համատեղ հանդիպումներ, խորհրդակցություններ։  

Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի շրջանակում ջերմ հյուրընկալության և միջոցառման պատշաճ կազմակերպման համար։