Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ու ծրագրերի ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Երկուստեք շեշտադրվել է մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը, կանանց հզորացմանն ու ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված անելիքների կարևորությունը։
Անդրադառնալով նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է ոլորտային բարեփոխումների շրջանակը, որի համատեքստում ԱՍՀՆ-ն ու ՀԲ-ն կարող են մեկտեղել իրենց ջանքերը։ Նախարարը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ ոլորտային ռազմավարությունների մշակման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի և ոլորտային այլ հարցերի ուղղությամբ։
ՀԲ ներկայացուցիչների հետ զրույցում քննարկվել են նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) և Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կառուցողական և արդյունավետ են որակել նախարարության հետ համագործակցությունն ու վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։