Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար գործատուները կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել

0
114

Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար գործատուները կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել www.socservice.am կայքում։   

Հարթակում գրանցվելու միջոցով գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ փոխհատուցում՝ վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 250,000 դրամի չափով, իսկ յուրաքանչյուր նպաստառու գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 350,000 դրամի չափով։

www.socservice.am կայք մուտք գործելուց հետո գործատուները պետք է «Առցանց դիմումներ» պատուհանից ընտրեն «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր․առցանց դիմումներ» դաշտը, ապա բացված www.workforall.am կայքում ստեղծեն անհատական օգտահաշիվ՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները։   

Քանի որ «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրին» մասնակցության դիմումը ներկայացվում է գործատուի կողմից, ապա անհրաժեշտ է օգտահաշիվը ստեղծել գործատուի դերով։  

Օգտահաշիվը ստեղծելուց հետո գործատուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման նամակ, որում առկա հղումը սեղմելուց հետո էլեկտրոնային նամակում կբացվի գործատուի տվյալների լրացման ձևաթուղթը։  

Դիմումատուն պետք է անցնի նույնականացում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ՀՎՀՀ-ն, ապա որոնել տվյալներն ու բացված պատուհանից ընտրել «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը։

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել «Դիմել» դաշտի վրա և բացված ձևաթղթում լրացնել անհրաժեշտ տվյալները։ Տվյալները մուտքագրելուց և հաստատելուց հետո դիմումը կդիտարկվի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից։ Հաստատման կամ մերժման դեպքում՝ կուղարկվի համապատասխան ծանուցում գործատուի անհատական օգտահաշվում և էլեկտրոնային փոստով։

Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ դիմումատուն կարող է դուրս գալ հարթակից։ Կրկին գրանցվելու կարիք չկա․ պարզապես պետք է «Մուտք» բաժնում մուտքագրել օգտագործողի անունը և գաղտնաբառը, այնուհետև սեղմել «Մուտք» պատուհանի վրա: