Այսօր կայացել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև պայմանագրի կնքման արարողություն՝ նվիրված Շվեյցարիայի կառավարության կողմից 960,000 շվեյցարական ֆրանկի հատկացմանը՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Ծրագիրը, որի իրականացման գործում իր ներդրումն ունի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հնարավորություն կտա մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն ցուցաբերել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։
Այսօր կայացած միջոցառման շրջանակում ելույթներ են ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
12 ամիս տևողություն ունեցող «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղիղ արձագանքում կլինի։