Վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների համար

0
80

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի բարելավման նպատակով՝ մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ ՄՍԾ աշխատակիցների ներգրավմամբ։

Ուսումնական գործընթացն ուղղված է Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանն ու դեպքերի վարման սահուն ընթացքի ապահովմանը:

Մասնակիցների առաջին խմբի համար նախատեսված դասընթացին ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ Արժանապատիվ Աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրենի տեղակալ Միխայիլ Պուշկինը, ԱՄԿ ավագ խորհրդատու Լեոնիդ Անդրեևը և այլք։

Ընդգծելով նմանօրինակ վերապատրաստումների կարևորությունը՝ իր ելույթում նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դասընթացի շրջանակում ստացած գիտելիքն իրապես կնպաստի ՄՍԾ կողմից որակյալ սոցիալական ծառայությունների տրամադրմանն ու մասնագիտական գործառույթների արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին՝ ԱՄԿ զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ սոցիալական պաշտպանության մասնագետ Յասմինա Պապան խոսել են սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների համագործակցության, վերջիններիս վերաբերող խնդիրների, շահառուներին աջակցություն ցուցաբերելու աշխատանքային տիպային գործընթացների մասին։  

Դասընթացի շրջանակում քննարկվել են նաև դեպքի միասնական վարմանն ու ուղղորդմանը, շահառուի կարիքների գնահատման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։

Վերապատրաստումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները։

Մասնակիցների երկրորդ խմբի համար նախատեսված դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 11-12-ը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան աշխատաշուկայի քաղաքականության միջազգային փորձին, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերին և այլն։