«Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանք և հանրային խոսք» դասընթացին մասնակցել են նախարարության շուրջ 50 աշխատակից

0
77

Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու առանձնահատկությունների, հաղորդակցության, հանրային խոսքի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջ 50 աշխատակից մասնակցել է վերապատրաստման դասընթացների՝ կազմակերպված Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։

Դասընթացներին մասնակցել են ներկայացուցիչներ նաև Միասնական սոցիալական ծառայությունից, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից և «Նորք» տեխնոլոգիական կենտրոնից։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են հանրային խոսքի և բանավեճի սկզբունքներին, թիրախային ուղերձների մշակման հմտություններին, կիբեր և սոցիալական մեդիա հարթակների առանձնահատկություններին, մեդիայի հետ արդյունավետ համագործակցելու մեխանիզմներին։

Վերապատրաստման ընթացքում իրականացվել են խմբային աշխատանքներ, քննարկվել սոցիալական պաշտպանության ոլորտի և հանրային կապերի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Դասընթացի ավարտին ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի կողմից մասնակիցներին հանձնվել են վկայագրեր։ Վերջիններս ընդգծել են, որ նմանատիպ վերապատրաստումները նպատակ ունեն բարձրացնել մասնակիցների մասնագիտական գործառույթների արդյունավետությունը, առավել թիրախային ներկայացնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքն ու ամրապնդել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը։