2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետային զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվել են 28,600 դրամ (25,600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31,600 դրամ։
2022 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10 %-ի չափով հետվճար։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 50,000 քաղաքացի։
2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: Շահառուի ընտրությամբ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով միայն այն դեպքում, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։