Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

0
205

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործող պետական ոչ առևտրային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նիստի օրակարգում տարեցների հիմնահարցերի ոլորտում 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն էր և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների համառոտ ներկայացումը։

Նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի խոսքով՝ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները միտում են ունեցել բարելավել սոցիալական պաշտպանության հաստատությունների տարեց բնակիչներին մատուցվող խնամքի ծառայությունները, ներդնել համայնքահեն ծառայություններ, ինչպես նաև կատարելագործել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը։ Կարևորել է նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների աջակցությունը՝ տարեցների հիմնախնդիրների ոլորտում իրականացվելիք տարբեր գործընթացներում։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է 2022 թվականի ընթացքում տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացված աշխատանքներն ու նորարարությունները, այդ թվում՝ փոխհատուցում է տրվել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների համար։ Ներկայացվել են ոլորտում ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք վերաբերում են խնամքի տրամադրմանը, սննդի կազմակերպմանն ու կացարանով ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել տարեցների հիմնահարցերի ոլորտում արված այն աշխատանքներին, որոնք բխում էին 2021-26 թվականների ՀՀ կառավարության ծրագրից։

Անդրադարձ է կատարվել նաև տարեցների սոցիալական ներառման ու զբաղվածության խթանման, տարեցն իր համայնքում անհրաժեշտ ծառայություններ ստանալու հնարավորության ապահովման, շուրջօրյա խնամք մատուցող հաստատությունների շենքային պայմանների բարելավման, համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման, ճգնաժամային կենտրոնի ստեղծման հարցերին։

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են արդյունավետ համագործակցության և տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին, որոնք նպաստել են տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, բարենպաստ միջավայրի և արժանապատիվ պայմանների ստեղծմանը։ Նրանք ևս ընդգծել են համայնքահեն ու գնահատված անհատական կարիքներին համարժեք ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը։

Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները քննարկել են նաև ոլորտում առկա խնդիրները, 2021-2026թթ․ ծրագրում ամրագրված գերակայությունները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։