Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում կարևորելով սոցիալական աշխատողի մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործումը՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից շարունակվում են իրականացվել վերապատրաստման դասընթացներ։
Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոնների ու համայնքային սոցիալական աշխատողների շուրջ 150 ներկայացուցիչ այսօր ստացել են վկայականներ՝ «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ՝ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» թեմայով դասընթացին մասնակցելու համար։
Վկայականները մասնակիցներին հանձնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Անի Չիլինգարյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարման փորձագետ Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ու այլ գործընկերներ։
Ընդգծելով սոցիալական աշխատողի դերն ու կարևորությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց կյանքում՝ վերջիններս հույս են հայտնել, որ վերապատրաստման ընթացքում ձեռքբերած գիտելիքը ու նոր հմտությունները կօգնեն ոչ միայն աջակցել, այլև կանխարգելել այսօրինակ դեպքերը։
Ծրագիրն իրականացվել է է ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» և «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրերի շրջանակում, ԱՍՀ նախարարության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի միջոցով։