Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացն իրականացնող մասնագետների առաջին խումբը հանձնել է քննությունը

0
115

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում՝ փետրվարի 1-ից նախատեսվող գործընթացն իրականացնող մասնագետների առաջին խումբը հանձնել է քննություն ու ընդգրկվել անձի ֆունկցիոնալության գնահատման աշխատանքներում։

Հիշեցնենք, որ նախարարությունը ձևավորել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր։ Այն նախատեսված է բժիշկների, ինչպես նաև հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետների համար, ովքեր, ծանոթանալով հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելին, հնարավորություն կունենան իրականացնել իրենց աշխատանքները նոր համակարգով։

Ռեեստրում ընդգրկված մասնագետները մասնակցել են նախարարության, Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված շարունակական վերապատրաստման դասընթացներին, որոնց ընթացքում ձեռքբերած տեսական և գործնական գիտելիքը կիրառել են հաշմանդամության փորձնական գնահատման գործընթացում։