ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության գրասենյակի ներկայացուցիչներին

0
77

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության գրասենյակի տնտեսական հարցերի պատասխանատու Թերեզա Ալբանոյի ու նույն ստորաբաժանման խորհրդատու Ստեֆանո Վոլպիցելիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քաղաքականությանը, կանանց տնտեսական զորեղացմանն ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։      

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ԱՍՀՆ՝ որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչություն, կարևորում է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի դերը։ Այս համատեքստում, նախարարի տեղակալն ընդգծել է «Պլատֆորմ #5» և Կանանց աքսելերատոր ծրագրերի կարևորությունը, որոնք նպատակ ունեն ակտիվացնել վերջիններիս տնտեսական հմտություններն ու կարողությունները և ապահովել կայուն զբաղվածություն։

Իր խոսքում Թերեզա Ալբանոն կարևորել է հայ կանանց համար գենդերազգայուն միջավայրի ապահովման հարցում մարտահրավերների և հնարավորությունների գնահատման իրականացումը, ինչը հնարավորություն կտա լրամշակել ոլորտային ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնություններ իրականացնել։   

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են հարցեր՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձինք) տրամադրվող ծառայությունների շրջանակի, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, Միասնական սոցիալական ծառայության գործունեության վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը։