Քննարկվում է Հայաստանում գործազրկության ապահովագրության ինստիտուտի ներդրման հնարավորությունը․ նախարար Նարեկ Մկրտչյանը ԱՄԷ-ում հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հետ

0
79

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել  «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում վերոնշյալ ինստիտուտի ներդրման կարևորությունը, և այս համատեքստում օգտակար համարել արաբական փորձի ուսումնասիրման ու փորձի փոխանակման հնարավորությունը։ Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

Աբդելլաթիֆ Աբուքուրահը մանրամասներ է ներկայացրել համակարգի ստեղծման ու կառավարման գործընթացից՝ անդրադառնալով նաև կիրառվող հիմնական գործիքակազմին, պետության հետ համագործակցությանն ու առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև հասարակության շրջանում համակարգի գործարկման վերաբերյալ առկա դրական արձագանքի կարևորությունը։

Նախարարն արաբական կողմին առաջարկել է ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ Հայաստանում անցկացնել հանդիպում՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։