Աջակցություն գործատուին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամներին աշխատանքի ընդունելու դեպքում

0
112

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Այսպիսով, բոլոր այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ոնեցող, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, պետության կողմից աջակցություն կստանան։

Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին  3 ամսվա ընթացքում անընդմեջ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Ընդ որում, միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, ովքեր վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել։  

Գործատուներին տրվող աջակցության չափերը տարբեր են՝ կախված աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխաների կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքից։

 Ըստ այդմ՝

  • այն գործատուներն, ովքեր առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 %-ի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամ։ Այս դեպքում գործատուին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի նաև առավելագույնը 500,000 դրամ միանվագ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ ապահովելու  համար,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-ից 29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %-ի, բայց ոչ ավելի, քան ամսական 15,000 դրամի չափով,  
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-ից 45 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12,000 դրամ։ Գործատուին աջակցությունը կշարունակվի տրամադրել ևս 3 ամիս (այսինքն՝ 6 ամիս + 3 ամիս), եթե աշխատանքի ընդունի կնոջ, ով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամ է, 30-ից 45 տարեկան է և խնամում է մինչև 5 տարեկան երեխա,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-ից 62 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %-ի, բայց ոչ ավելի, քան ամսական 20,000 դրամի չափով,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին աջակցություն տրվի 6 ամիս ժակետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21,000 դրամ։

Աջակցությունը նախատեսվում է տրամադրել աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ յուրաքանչյուրի  համար նախապես սահմանված ժամկետը (օրինակ՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի) լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծրագրից օգտվելու համար գործատուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։