ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։

Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է գործընկերոջը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների դերը։ Վստահ ենք, որ մեր նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կշարունակենք համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ելնելով մեր երկրների և ժողովուրդների լավագույն շահերից»։  

Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի խոսքով՝ երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն․

«Անչափ ուրախ ենք, որ հարևան և բարեկամ երկիր այցելելու առիթ ընձեռվեց։ ԻԻՀ կառավարության քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է հարևան պետությունների, մասնավորապես՝ ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը։ Ուստի, անչափ կարևորում ենք երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունն ունի մեծ ռեսուրսներ և պատրաստակամ է լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։ Միաժամանակ, պատրաստակամ ենք նաև մեր երկրի ներուժն ու հնարավորությունները ներդնել, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն լինի»։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։  Իրանի 13,000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։ 

Հանդիպման ընթացքում նախարար Մորթազավին հետաքրքվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։ Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը․ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։    

Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։