Նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետական նախարար Նուրա ալ Կաաբիի հետ

0
50

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետական նախարար Նուրա ալ Կաաբիի հետ։

Կողմերը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ։

Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ երկուստեք շեշտվել է նաև ԱՄԷ ու ՀՀ կառավարությունների միջև 2022 թ․ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունն առավել քան ակտիվ է դարձել․ ստորագրվել են ոլորտային փաստաթղթեր, իրականացվել այցեր և այլն։  

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության «Հանդուժողականության դաշինք» նախաձեռնությանը, որի նպատակն է  փորձի փոխանակման ու համատեղ նախագծերի միջոցով նպաստել համամարդկային արժեքների հաստատմանն ու պահպանմանը։