Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ժողովրդագրության ոլորտում համագործակցության զարգացման, լավագույն փորձի փոխանակման և համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նպատակով

0
135

ՀՀ ժողովրդագրության ոլորտում համագործակցության զարգացման, լավագույն փորձի փոխանակման և համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Ավստրիայի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA) գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաարսֆելդն Ավստրիայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության ղեկավար Էդուարդ Պետրոսյանը։  

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ՀՀ ժողովրդագրության ռազմավարության փորձագիտական գնահատման, ինչպես նաև հետազոտական տարբեր մեթոդների միջոցով արդյունավետ լուծումների ներդրման ուղղություններով։

Անդրադառնալով ՀՀ ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված աշխատանքներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման կարևորությունը։ Նախարարի խոսքով՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունն այս պահին ռազմավարությունների մշակման գործնական փուլում է, և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ շարունակվում են անհրաժեշտ աշխատանքներ տարվել ժողովրդագրության ռազմավարության մշակման ու առկա իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Նարեկ Մկրտչյանը նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է իր ջանքերն ուղղել այնպիսի ծրագրերի մշակմանը, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել առավել նպատակային միջոցառումներ՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը, որոնք հնարավորություն կտան մեղմել ժողովրդագրական իրավիճակի բացասական ազդեցությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կառուցողական և շարունակական փոխգործակցության կարևորությունը։

Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտն աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններից է։ Այն մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում տարբեր երկրների՝ ոլորտային քաղաքականությունների մշակման վերաբերյալ։ Այն ներառում է ավելի քան 400 հետազոտող` աշխարհի տարբեր երկրներից։