Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կլինի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» երկամյա ծրագրի համակարգողը

0
122

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող խորհրդի աշխատանքներին․ երկամյա ծրագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լինելու համակարգող։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել շահագրգիռ գերատեսչությունների կարողությունները՝ կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման, բացահայտման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման համատեքստում։

Կարևորելով ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջգերատեսչական համագործակցությունը, ռեսուրսների համակարգումն ու համատեղումը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ոլորտում իրականացված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել հստակ արձագանքման մեխանիզմներ, որոնք հնարավորության կտան օժանդակել նմանատիպ իրավիճակում հայտնված կանանց, հզորացնել նրանց հմտություններն ու կարողությունները։ Ընդգծվել է նաև միջազգային կառույցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման դերը՝ մեր երկրում կանանց իրավունքների լիարժեք իրացման և բռնության դեպքերի կանխարգելման իրավական դաշտի կատարելագործման աշխատանքներում։

Հանդիպման մասնակից Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները ևս խոսել են ոլորտում արձանագրված առաջընթացի մասին և շեշտել շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության անդամների ներգրավվածության անհրաժեշտությունը՝ այս ծրագրի իրագործման, հետագա աշխատանքների իրականացման գործընթացում։ Նրանք ներկայացրել են համակարգող խորհրդի աշխատակարգն ու գործունեության ուղղությունները։

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» երկամյա ծրագիրն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։