Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք ներկայացրել են իրենց բիզնես նախաձեռնությունների արդյունքները

0
68

Այսօր կայացել է «Ինքնաբավ գործառնման սոցիալական աշխատանքի բանաձևը» թեմայով համաժողով-ցուցահանդես, որի շրջանակում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք ներկայացրել են իրենց բիզնես նախաձեռնությունների արդյունքները։ Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և այլք։

Նախարար Մկրտչյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսի մասնակիցների բիզնես ծրագրերին, հետաքրքրվել դրանց ընթացքով, ինչպես նաև ծանոթացել մասնակիցների հաջողության պատմություններին։

Այնուհետև, համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել  ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքներին ու ձեռքբերումներին։ Նախարար Մկրտչյանն իր ելույթում առաջնահերթ է համարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանց մասնագիտական կարողությունների զարգացման ու կայուն զբաղվածության ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։ Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները նպատակ ունեն մոտիվացնել քաղաքացիներին և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն հաղթահարել սոցիալական դժվարություններն ու բարելավեն իրենց կենսապայմանները։

«Անչափ կարևոր է, որ քաղաքացին հավատա իր ուժերին, իսկ պետությունը խրախուսի նրան՝ գաղափարը իրականություն դարձնելու ճանապարհին և օգնի դուրս գալու սոցիալական աջակցության անընդհատ կրկնվող գործընթացից։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ իր գաղափարը կհաջողի, և որ պետությունն այդ հարցում իր կողքին է»,- նշել է նախարարը։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը ևս կարևորել է նմանօրինակ ծրագրերի իրականացումը և այս ուղղությամբ գործընկեր կազմակերպությունների հետ ջանքերի շարունակական համախմբումը․ «Ուրախ եմ, որ համատեղ աշխատանքների արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք այլևս սոցիալական աջակցության շահառուներ չեն և հնարավորություն ունեն իրացնել իրենց ներուժն ու գաղափարները»։

Համաժողովի շրջանակում ներկաներին առցանց ձևաչափով իր ողջույնի խոսքն է ուղղել նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, նշել է, որ այստեսակ միջոցառումների արդյունավետության գնահատումը հնարավորություն կտա դիտարկել նմանօրինակ համագործակցությունների շարունակականությունը։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև պլենար նիստ, որի շրջանակում ներկայացվել է ինքնաբավ գործառնման գաղափարախոսությանն ու պրակտիկային առնչվող մանրամասներ։ Միջոցառման շրջանակում նաև կազմակերպվել են քննարկումներ՝ համապատասխան աշխատարաններում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով։