Դեկտեմբերի 17-18-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի (ԹՊԱՌԿ) կողմից կազմակերպված <Թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի կիրառում> թեմայով առաջին ազգային ֆորումը, որն ուղղված էր թրաֆիքինգի զոհերի ուղղորդման ազգային մեխանիզմի կիրառման գործընթացի կազմակերպմանը:
Երկօրյա միջոցառմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ.Բերիկյանը, թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Ձ.Աղաջանյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, զբաղվածության և աշխատանքի վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինների, աշխատանքի պետական տեսչության, զբաղվածության պետական գործակալության ծառայության, ոստիկանության, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ:
Ողջունելով այս ոլորտում արդեն իսկ մասնագիտացված ներկայացուցչական հավաքի մասնակիցներին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ.Բերիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը` փոխադարձ վստահության և համագործակցության արդյունքում հայտնաբերված դեպքերի ուսումնասիրության, ինչպես նաև դրանց կանխարգելման գործում միասնական աջակցություն ցուցաբերելու համար: <Հայաստանում շատ լուրջ քայլեր են կատարվում այս ոլորտում, կարծում եմ պետության կողմից կատարվող աշխատանքները հսկայական են և տեսանելի>-նշեց նախարարի տեղակալը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լիազորված վեց պետական մարմիններից մեկն է /ՀՀ ոստիկանություն, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի, տարածքային կառավարման նախարարություններ, ազգային անվտանգության ծառայություն/, որ զբաղվում է մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց խնդիրներով /կանխարգելում, զոհի հայտնաբերում, իրավաբանական խորհրդատվություն, առաջնային բժշկական օգնություն, անհարժեշտության դեպքում կացարանի տրամադրում, հոգեբանական օգնություն/:
Թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերին աջակցության տրամադրման գործընթացներում ունեցած դերակատարման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընատնիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Ա. Թանաշյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց շուրջ երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, առկա խնդիրները, որոնց լուծման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև լիազորված պետական մարմինների հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները:
Միջոցառմանը մասնակից միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ներկայացրեցին իրենց իրականացրած ծրագրերն ու աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվեցին նաև միջգերատեսչական համագործակցության, տեղեկությունների փոխանակման և համակարգման բարելավման ուղիների, թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող առկա մարտահրավերների, աշխատանքային միգրացիայի և հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի զոհերին աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերը:
Ֆորումի հիմնական նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ միմյանցից տեղեկատվություն ստանալն էր, ստեղծված փոխադարձ վստահության և համագործակցության մթնոլորտի ապահովումը հետագայում ևս դեպքերն բացահայտելու, արագ արձագանքելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու այդ իրավիճակում հայտնված անձանց: Ֆորումի մասնակիցները մշակեցին և ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի ավելի արդյունավետ իրականացման գործընթացի վերաբերյալ: Ֆորումի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբին:
Ի դեպ, 2008թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը հիմք հանդիսացավ <Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն> /ԹՊԱՌԿ/ ծրագրի իրականացման համար: Նպատակն էր աջակցել թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում ներգրավված համապատասխան պետական կառույցներին` թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումն ապահովելու գործում:
ԹՊԱՌԿ ծրագրի աշխատանքները հիմնականում տարվել են երկու ուղղությամբ` թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության մոնիթորինգի իրականացումը և թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերով դատական լսումներին մասնակցությունը` համապատասխան եռամսյակային զեկույցների պատրաստմամբ: Նշված զեկույցները թույլ են տվել ի հայտ բերելու թրաֆիքինգի զոհերին աջակցության տրամադրման ուղղությամբ իրականացված բարելավումները և գոյություն ունեցող խնդիրները` զոհերի կարիքներից ելնող համապատասխան ռազմավարություն մշակելու համար: Դատական լսումների զեկույցներն ամփոփ ներկայացրել են այս ոլորտի դատավարության ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև` իրավական վերլուծությունը:
Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնը պարբերաբար մասնակցել է ոլորտում աշխատող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվող սեմինարներին, կլոր-սեղան քննարկումներին և իր փորձը հաղորդել համագործացող կողմերին: Կենտրոնում ստեղծված գրադարանում յուրաքանչյուր քաղաքացու հասանելի են թրաֆիքինգի և միգրացիայի վերաբերյալ տպագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն) նյութեր, ինչպես նաև տեսանյութեր:
Շուրջ երկու տարվա ընթացքում իրականացվել են մի շարք սեմինարներ և քննարկումներ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Կազմակերպվել են նաև վերապատրաստման սեմինարներ երեխաների սոցիալական հոգածության կենտրոնների աշխատակիցների, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների համար, որոնց ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի հետ կապված ազգային և միջազգային օրենսդրությունը, թրաֆիքինգի զոհերի դատավարական պաշտպանության հիմնախնդիրները և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովումը, այս գործերով ապացուցման գործընթացին պաշտպանի մասնակցության առանձնահատկությունները:
ԹՊԱՌԿ ծրագիրն ավարտվելու է 2011թ. հուլիսին: Մինչ ավարտը, շարունակվելու են 2010-2012թթ. թրաֆիքինգի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու ուղղությամբ աշխատանքները և քաղաքացիական ծառայողների համար ներդրվելու է ներկայումս մշակվող մոդուլը: