Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչներին

0
105

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նախարարությունում ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա Հելենա Անդրենին, կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կազմակերպության հետ համագործակցության ընթացքի ու նախատեսվող ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում սոցիալական գործընկերության և երկխոսության զարգացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին, ու ԱՄԿ լիազորությունների շրջանակում դիտարկել առկա խնդիրները։

Կարևորելով Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը՝ Ռուբեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ոլորտային բարեփոխումներին աջակցելու և սերտ աշխատանքների համար։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՍՀՆ կողմից սահմանված առաջնահերթություններին ու ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում իրականացվող լայնածավալ փոփոխություններին։

«Աշխատանքային օրենսգրքի շուրջ 45%-ը վերանայվել է։ Փոփոխություններն իրականացվել են աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները կանոնակարգելու, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու նպատակով։ Այս գործընթացում ուզում եմ առանձնահատուկ կարևորել ԱՄԿ հետ իրականացված քննարկումների ու աշխատանքների դերը»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ևս շեշտել են նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտի զարգացմանն ուղղված։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են մի շարք հարցերի՝ միջազգային նոր պարտավորությունների կիրարկման, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության, գործազրկության ապահովագրության, տարեցների ակտիվ ծերացման ծրագրերի ու կանանց տնտեսական ակտիվացման ուղղությամբ ԱՄԿ կողմից աջակցության տրամադրման վերաբերյալ։ Հայկական կողմը քննարկել է նաև ԱՄԿ ղեկավար կազմի մասնակցությամբ Հայաստանում այս տարեվերջին կազմակերպվելիք միջազգային ֆորումի հնարավորությունը։