Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

0
78

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևային, կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ելենա Կոկոևային ու ԱՄԿ Հայաստանի ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքի ու նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է ԱՄԿ հետ համագործակցության կարևորությունը՝ շեշտելով երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման մեծ ներուժի առկայությունը։ Նախարարն անդրադարձել է Գլոբալ կառավարության գագաթնաժողովի ընթացքում ԱՄԿ գլխավոր տնօրեն Ջիլբերթ Հունգբոյի հետ հանդիպմանը քննարկված թեմաներին և այս համատեսքում, մասնավորապես՝ խոսել ՀՀ-ում նախատեսվող համաժողովի համատեղ կազմակերպման մասին։

«Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ։ Կարծում ենք՝ ԱՄԿ Միջազգային աշխատանքի համաժողովի 111-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցությունը թույլ կտա առավել զարգացնել և խորացնել հարաբերությունները նաև Սոցիալական արդարության պլատֆորմում ՀՀ ակտիվ ներգրավման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Ի պատասխան Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը նաև նշել է, որ ԱՍՀ նախարարությունը կարևորում է կառուցողական և հիմնարար նպատակներին միտված երկխոսության հաստատումը։

Օլգա Կուլաևան ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությունների, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների վերականգնման կարևորությունը։ Կուլաևան հույս է հայտնել, որ սոցիալական գործընկերությունը ևս Հայաստանում լիարժեք կզարգանա, և որ ԱՄԿ-ն պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ սոցիալական երկխոսության ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ։