Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ

0
99

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին, ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական և գործազրկության ապահովագրության համակարգերի ներդրման հնարավորություններին։  

Ընդգծելով միջազգային նորմերի կիրարկման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապօրինի շրջափակման և հումանիտար աղետի վտանգ ստեղծելու մասին։ Նախարարը շեշտել է, որ ավելի քան վեց ամիս է արցախցիները զրկված են առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄԿ ղեկավար կազմի մասնակցությամբ՝ Հայաստանում 2023 թ նախատեսվող ֆորումի կազմակերպման մանրամասները, որը նպատակ ունի ուսումնասիրել գլոբալ, տարածաշրջանային  և ազգային մակարդակներում աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ընդգծվել է ֆորումի կարևորությունը, այն է՝ երիտասարդների համար արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորությունների ստեղծումը, սոցիալական արդարության երաշխավորումն ու ոլորտային վերջին միտումների ու նորարարությունների ներկայացումը։

Դիտարկվել է նաև ԱՄԿ աջակցության հնարավորությունը՝ գործազրկության ապահովագրության, աշխատաշուկայի խթանման և ծերացման կանխարգելման քաղաքականությունների մշակման գործընթացներում, ինչպես նաև տարեցների ակտիվ ծերացմանն ու կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերում։