ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների շուրջ 600 մասնագետ կմասնակցի վերապատրաստման եռամսյա դասընթացների

0
94

Երեխաների իրավունքների պաշտպանության, հաստատություններում խնամքի և ծառայությունների մատուցման վերաբերյալ գիտելիքի և հմտություների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ՝ այդ թվում  սպասարկող անձնակազմը կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների։

Ընթացակարգերը, թեմաներն ու այլ մանրամասներ քննարկելու նպատակով՝ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը, հաստատությունների տնօրեններն ու դասընթացավարները։

Հանդիպման շրջանակում ներկաները ծանոթացել են դասընթացների թեմաներին, անցկացման մանրամասներին և կարևոր շեշտադրումներին։ Վերապատրաստումների ընթացքում դասախոսությունները կլինեն կիրառական վարքային վերլուծության, ճգնաժամային սթրեսների պայմաններում հոգեբանական միջամտության, ծնողավարման հմտությունների զարգացման, բռնության ենթարկված երեխաների հետ բազմամասնագիտական աշխատանքի առանձնահատկությունների, բարեվարքության կանոնների և այլնի մասին։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից` «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Համակարգային խնդիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։