Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը

0
108

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը,  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «ԱԱՊՀ» նախագահ Էլինա Մարգարյանը և այլք։

Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակներին առնչվող այլ մանրամասներ:  

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի դերը։

«Զբաղվածության ռազմավարությամբ  նախատեսվում է ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում իրականացնել։ Այն նպատակաուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։ Լիահույս եմ, որ ռազմավարությունը, որպես ոլորտի քաղաքականության առանցքային փաստաթուղթ, էական և համապարփակ ազդեցություն կունենա աշխատաշուկայի զարգացման միտումների, ինչպես նաև տնտեսական և կրթական զարգացման վրա»,- նշել է նախարարը։  

«Ամերիա» ՓԲԸ-ի Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ևս ընդգծել է մրցունակ աշխատուժի ձևավորման ու զբաղվածության խթանման անհրաժեշտությունը: Բանախոսը նշել է, որ Հայաստանի զբաղվածության ռազմավարությունը թիրախավորելու է մարզային քաղաքները ներառող համայնքները, որտեղ կենտրոնացած են զբաղվածության ամենախորքային խնդիրները, ինչպես նաև չսովորող, չաշխատող երիտասարդներին ու միջին տարիքի (30-40) չաշխատող կանանց շրջանակում խրախուսելու է աշխատանքի արտադրողականության աճը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։