Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը

0
98

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։

Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում այսուհետ կգործեն միասնական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ կապահովվեն կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանը: 

Օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվում են՝

  • կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր),
  • կամավորի կարգավիճակ,
  • իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
  • կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք,
  • առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
  • ապահովագրության հնարավորություն,
  • աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:

Կազմակերպությունների համար (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)  նախատեսվում են՝

  • իրենց աշխատողներից բացի նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք,
  • ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ),
  • արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն,
  • վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։