Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

0
61

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև զբաղվածության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ռազմավարության մշակման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների զարգացման, կամավոր աշխատանքի ինստիտուտի ներդրման, աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։

Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝  գործընկերները   պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։