Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։
Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։
Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, կանաչ տնտեսության զարգացում և այլն։
Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար: