Ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Եվրամիության և Յունիսեֆի աջակցությամբ տեղի է ունեցել սոցիալական պաշտպանության և Միասնական սոցիալական ծառայության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակման երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովի ամփոփիչ ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծել է տեղեկատվական միասնական համակարգի դերը ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման և բոլոր գերատեսչությունների կողմից իրենց դերակատարության լիարժեք իրականացման գործում։ Վերջինիս խոսքով՝ առարկայական երկխոսության, համաձայնության և միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա հնարավոր է ունենալ մի փաստաթուղթ, որն իրապես կնպաստի մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը։ Փաստաթղթում հստակ կամրագրվեն այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ հասցեական միջամտությամբ կարող ենք ունենալ ավելի բարելավված արդյունքներ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների որակյալ և նպատակային մատուցման գործում։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շեշտել է ռազմավարության իրականացման գործընթացում շահագրգիռ մարմինների փոխգործելիության դերը՝ ունենալու առավել լիարժեք և հասցեական սոցիալական ծառայություններ համայնքային և ազգային մակարդակներում։
Աշխատաժողովին մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Ռուբեն Սարգսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՄՍԾ պետի տեղակալ Անի Չիլինգարյանը, նախարարության պաշտոնատար անձինք և այլ աշխատակիցներ։
Աշխատաժողովին իրենց ներդրումն են ունեցել Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը, շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման ուղենիշները, ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները։ Նախանշվել են այն գործողությունները, որոնց իրականացման արդյունքում կունենանք սոցիալապես արդար միջավայրում իր աշխատանքով ապրող, շարունակաբար իր հմտություններն ու կարողությունները զարգացնող քաղաքացի և նրա կարիքների ու երաշխիքների ապահովմանն ուղղված որակյալ սոցիալական ծառայություններ։
Ռազմավարության մշակմանը տեխնիկական աջակցություն տրամադրող «Ամերիա» ՓԲԸ-ի Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է մշակվող ռազմավարությամբ սահմանված երեք նպատակները, որոնց վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել իրավունքահենք, կանխարգելիչ և կարիքահենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացմանը՝ ուղղված բազմաչափ աղքատության հաղթահարմանը և սոցիալական երաշխիքների տրամադրմանը մարդու կենսաշրջանի բոլոր փուլերում։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման առաջնային օղակի կարողունակ համակարգի և սոցիալական դեպքի վարման զարգացման, ծառայությունների թվայնացման և միասնական տեղեկատվական համակարգի գործարկման, համակարգի պետական և ոչ պետական դերակատարների համագործակցության արդյունավետության բարձրացման և այլ հարցեր։