Կոռնիձորում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը դիվանագետներին ներկայացրել է ԼՂ-ում խոցելի խմբերի համար մարդասիրական աջակցության հրատապությունը

0
94

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր եղել են Կոռնիձորում, որտեղ արդեն 2-րդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական աջակցության տեղափոխմանը։

Դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի ուրվագիծը ներկայացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը։

Խոսելով խոցելի խմբերի համար մարդասիրական աջակցության հրատապության մասին՝ Աննա ժամակոչյանը նշել է հումանիտար իրավիճակի ազդեցության հետևանքները՝ երեխաների, հղիների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի, առողջության և սոցիալական պաշտպանվածության վրա․

«Միայնակ տարեցների տնային խնամքի ծառայությունները խաթարված են, սոցիալական պաշտպանության հաստատությունները չեն կարողանում լիարժեք ապահովել այնտեղ բնակվող երեխաների ու ավագ սերնդի քաղաքացիների սնունդն ու կեցությունը: Ընդհանուր առմամբ մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից, այնինչ նրանց համար նախատեսված 12 տոննա կաթնախառնուրդն ու շիլաները ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա պատրաստ են տեղափոխման Լեռնային Ղարաբաղ: Այս փաստի հետ հաշտվելն անհնար է»,-դիվանագետների հետ հանդիպմանը նշել է Աննա Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալը մանրամասնել է ԼՂ գործընկերների կողմից բարձրացվող այլ ահազանգերի մասին ևս, որոնք պայմանավորված են գազամատակարարման, էլեկտրամատակարարման խաթարումների և վառելիքի սղության հետ։ Մասնավորապես՝ նշվում է, որ թեպետ ԼՂ-ն կազմակերպել է սայլակների և աջակցող այլ միջոցների գնման գործընթացներ, Լաչինի արգելափակված միջանցքի պատճառով անհնար է դարձել դրանք ԼՂ -ում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցելը։

Մեկ այլ խնդիր է կանխիկ թղթադրամների բացակայությունը: Չնայած նրան, որ կեսնաթոշակառուներին և նպաստառուներին փոխանցվում են իրենց հասանելիք սոցիալական տրանսֆերտները, բայց վերջիններս զրկված են դրա կանխիկ օգտագործման հնարավորությունից, ինչը լուրջ խնդիր է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ անկանխիկ սպառման հնարավորություններ չկան:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև առկա ճգնաժամի հետևանքով արձանագրված ողբերգական միջադեպը. «Շաբաթներ առաջ Լաչինի միջանցքի արգելափակման և պարենի սղության անուղղակի զոհը դարձան ԼՂ 2 անմեղ երեխա։ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացան այն պատճառով, որ մայրն իրենց սննդի ձեռքբերման նպատակով ստիպված էր եղել գյուղում գտնվող տնից ոտքով գնալ Մարտակերտ՝ թողնելով իր մանկահասակ և կրտսեր տարիքի երեխաներին առանց ծնողական հսկողության։ Որևէ երկիր և միջազգային կազմակերպություն չի կարող անարձագանք թողնել այս ամենը՝ անգործությամբ նպաստելով հումանիտար ճգնաժամի բացասական հետևանքներին»:

Հիշեցնենք, որ մինչ այս պահը Կոռնիձորում շարունակում է մնալ 19 բեռնատարերի շարասյուն, որոնցում գտնվում է շուրջ 360 տոննա հումանիտար բեռ, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության 7 տեսակի պարենային ապրանքներ։ Այդ սնունդը նախատեսված է հասցեագրել արդեն ամիսներ շարունակ պարենի անհասանելիություն ունեցող ԼՂ 120 հազար բնակիչների կարիքներին։