Կամուրջ՝ գործատուների և աշխատողների միջև. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Մանթաշյանց» գործարարների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

0
91

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։   

Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու վերջիններիս աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։

«Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի կամ միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ այդ գործընթացներում ապահովելով միության գործատուների ակտիվ մասնակցությունը»,- նշել է նախարարը։

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ չնայած երկրում առկա բազմաթիվ թափուր հաստիքների, կան մարդիկ, ովքեր չունեն աշխատանք․ «Հուսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք արդյունավետ հարթակ լինել երկու կողմերի միջև։ Վստահ ենք նաև, որ աշխատանք փնտրող անձինք նախարարության միջոցով կգտնեն այն, իսկ մենք կգտնենք այն մարդկանց, ովքեր փնտրում են աշխատակիցներ։ Սա արդյունավետ կլինի և՛ բիզնեսի, և՛ տնտեսության, և՛ աշխատակիցների համար»,- նշել է Վահրամ Միրաքյանը։  

Այսպիսով, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ապահովել միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։  

«Մանթաշյանց» գործարարների միությունը պարտավորվել է ակտիվ ներգրավվածություն ապահովել զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում, տեղեկատվություն տրամադրել Միության գործատուներից ստացած թափուր հաստիքների մասին, ինչպես նաև իրականացնել փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ։