Ավելի քան 11 մլն դրամ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրման համար

0
109

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ Այս նպատակով պետական բյուջեից 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 11 մլն դրամ։ 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Միջոցառումն ուղղված է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման, տրանսպորտից օգտվելու իրավունքի ապահովմանը, անկախ կյանք վարելու հմտությունների ուսուցանմանն ու զարգացմանը։

Ծրագրի շրջանակում իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտների հաղթահարման համար։

Ծառայություններից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «Լիարժեք կյանք» (հասցե՝ ք․ Երևան, Բաղյան 2) և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններ (հասցե՝ ք․ Արմավիր, Երևանյան 40 ա)։