Գորիսում կայացել է հանդիպում քաղաքացիների հետ՝ ներկայացնելու սահմանամերձ գյուղական բնակավայրերում պետության աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագրի մանրամասները

0
130

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։  

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում՝ միջոցառմամբ հետաքրքրված քաղաքացիների, մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների  և այլ անձանց մասնակցությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարազյոզյանը ներկայացրել է ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, մասնավորապես՝ անդրադարձել միջոցառման շրջանակում իրականացված փոփոխություններին, շահառուների շրջանակին, ծրագրին դիմելու ընթացակարգին, տրամադրվող աջակցության փուլերին։  

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։

Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։ 

Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսագումարի չափով մարման համար։ Միջոցառման շրջանակում գործընկեր բանկերն են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ՖԻՆՔԱ։