Նախարար Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին

0
93

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության և ժողովրդագրության ոլորտներին, ինչպես նաև բնակապահովության ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել գործունեության հաջող ընթացք․ «Հունիս ամսին տեղի ունեցավ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, որի կարևոր կետերից մեկը վերաբերում էր աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվության ուսումնասիրության շուրջ համագործակցությանը։ Մենք կարծում ենք, որ  սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք բավականաչափ ներուժ, և հուսով եմ՝ այն կկարողանանք արդյունավետ օգտագործել»։

Դեսպանը ևս կարևորել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունը և ներկայացրել Լեհաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը։ 

«Ուրախ եմ, որ այսօր նման առանցքային հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորություն ունենք։ Մենք կարևորում ենք հասարակության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծումը, և մեր կողմից իրականացված ծրագրերի մեծ մասը կյանքի է կոչվել հաջողությամբ։ Եթե Հայաստանը որոշի օգտվել լեհական փորձից, դա կլինի արդյունավետ փորձառություն»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։