Նախարար Մկրտչյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը

0
99

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին․ պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։

Քննարկվել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում կոմիտեի կողմից իրականացված մշտադիտարկման ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են արձանագրված նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկները։

Պատվիրակության ներկայացուցիչները գերազանց են գնահատել նախարարության պատրաստակամությունը՝ խնամքի հաստատություններ մուտք գործելու, շահառուների հետ առանձնազրույցներ կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիություն ունենալու տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել նաև խնամքի հաստատություններում իրենց կողմից նախկինում արձանագրված դիտարկումներին և նշվել, որ մի շարք խնդիրներ արդեն իսկ կարգավորվել են։

Կողմերը բարձր են գնահատել արդյունավետ համագործակցության դերը՝ հաստատություններում առկա խնդիրների վերհանման և կարգավորման տեսանկյունից։ Ընդգծվել է նաև նմանօրինակ աշխատանքների արդյունավետության կարևորությունը՝ ծառայությունների որակի բարելավման համատեքստում։

Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կոմիտեն 2024 թ․ կներկայացնի Հայաստան կատարած այցի վերաբերյալ հաշվետվության ավարտուն տարբերակը։