Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով․ ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ՝ պայթյունից տուժածների համար

0
153

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Դեսպան Դըկոտինին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: