2015թ. կենսաբանական ընտանիք է վերադարձել 215 երեխա, որդեգրվել՝ 88 երեխա

0
135

Հունվարի  21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:

Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի  վեց մանկատներում  խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն  ունեն առողջական խնդիրներ և խնամվում են  համակարգի  մասնագիտացված  երեք մանկատներում:

2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում  52-ը՝  օտարերկրյա որդեգրողների կողմից: Որդեգրվող երեխաները հիմնականում ունեն առողջական խնդիրներ:

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝  համակարգի վեց մանկատներից   45 երեխա  վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Երեխաների  խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություներում  2015թ. խնամվել է շուրջ  630 երեխա:  Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում  170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ: