Նախարարությունը շարունակում է անօթևանների ծրագիրը

0
126

Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովման ծրագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է սկսած 2006 թվականի հունվարից, երբ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից սկսեց գործել առաջին կացարանը: Այն ըստ էության հրատապ սոցիալական աջակցություն էր ցուցաբերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան մարդկանց, նրանց տրամադրելով ժամանակավոր կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, սնունդ, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Կացարանը միաժամանակ կարող էր ապաստանել 60 մարդու, ընդհանուր առմամբ 2006-2013թթ կացարանում խնամվել է շուրջ 2000 մարդ:

Վերջին  տարիներին Երևանում  նմանատիպ ծրագիր էր իրականացնում հայ-դանիական ,,Հանս Քրիստիան Կոֆոեդ,, բարեգործական հիմնադրամը,  որի Վարդաշենում գտնվող՝ անօթևանների ժամանակավոր կացարանում միաժամանակ ապաստանում էր 40 մարդ:

Նկատի ունենալով կացարանում գտնվելու ժամանակահատվածում  սոցիալական վերաինտեգրման, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատանքի և զբաղվածության խնդիրների լուծման ոլորտում նոր մոտեցումների  ներդրման անհրաժեշտությունը (ինչի հնարավորությունը Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևան մարդկանց ժամանկավոր կացարանն օբյեկտիվորեն չուներ), նախարարության և Կոֆոեդ հիմնադրամի տարիների համագործակցությունը և հիմնադրամի մեծ փորձը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2013 թվականին ,,Հանս Քրիստիան Կոֆոեդ,, բարեգործական հիմնադրամին ցուցաբերեց մասնակի ֆինանսական աջակցություն: 2014 թվականից  ծրագրի իրականացումն  ամբողջությամբ  իրականացվում է հիմնադրամի միջոցով: Այդ նպատակի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափը տարեկան կազմում է ավելի քան 56 մլն. դրամ:

Ծրագրի հիմքում դրված է անօթևանների խնդիրներով զբաղվող` Դանիայի Կոֆոեդի  դպրոցի մոդելը: Այդմոդելը  կարևորում է մարդու սոցիալական վերաինտեգրումը և աշխատելու հմտության ձեռքբերումն ուինքնուրույն կյանքով ապրելու կարողության զարգացումը, ինչի համար կազմակերպվում է վերամասնագիտացման և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, համագործակցելով զբաղվածության տարածքային և մարմինների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությամբ ֆինանսավորմամբ “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում բնակվում է 18 տարին լրացած 100 մարդ, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակում, կորցրել տուն ու ընտանիք: Ժամանակավոր կացարանում մարդիկ կարող են մնալ ոչ ավել, քան 3 ամիս:

Կացարան ընդունված քաղաքացիներն ապահովվում են շուրջօրյա խնամքով, երկուանգամյա սննդով, անհրաժեշտ հագուստով, կոշիկով, անձնական հիգիենայի և այլ պարագաներով:

Կացարանի համապատասխան մասնագետները`  սոցիալական աշխատողները,  հոգեբանը, բժիշկը, բուժքույրը` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, աջակցում է կացարանի բնակիչներինլուծելու իրենց սոցիալական տարաբնույթ խնդիրները:

Բացի այդ “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի հետ՝ կացարանի բնակիչներին աշխատանքի տեղավորման հարցում աջակցություն ցուցաբերելու համար, ինչը, գտնում ենք,  կացարանի գործունեության ամենակարևոր բաղադրիչն է :

Այսօրվա դրությամբ կացարանի 20 բնակիչ արդեն աշխատում են և առաջիկայում այդ թիվը կմեծանա:

Նախարարությունը, ինչպես պետական բյուջեից ֆինանսավորվող մյուս ծրագրերի պարագայում, ապահովել է այս ծրագրի իրականացման իրավական դաշտը, համակարգում և վերահսկում է անօթևաններին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը: